Առաջնորդի տարեկան հաշուէտւութիւն, 2019

«Ինչ որ անէք, արէք սրտա՛նց, որպէս թէ Տիրոջ համար էք անում եւ ոչ թէ՝ մարդկանց համար» (Կող. 3:23):

Սուրբ Ծննդեան այս ուրախալից շրջանում նախ եւ առաջ գոհութիւն եմ յայտնում մեր Տիրոջը, որ Իր առատ օրհնութիւններով մեզ եւս մէկ յաջողուած տարի շնորհեց՝ մեր ժողովրդին ծառայելու եւ սպասաւորելու  համար:

Անձնապէս շնորհակալ եմ մեր համայնքի հաւատացեալներին, բոլոր կամաւորներին, որոնք ծառայում են մեր Եկեղեցուն, ծխական խորհուրդներին եւ յանձնաժողովի բոլոր անդամներին իրենց նուիրուածութեան եւ պատրաստակամութեան համար: Համոզուած եմ, որ իրենք ստացել են գոհունակութիւն՝ գիտակցելով այն, որ մատուցում են աստուածահաճոյ ծառայութիւն մեր ժողովրդին: Որպէս անհատներ որոշակի խնդիրների շուրջ մենք կարող ենք ունենալ կարծիքների կամ տեսակետների տարբերութիւն, սակայն, վերջ ի վերջոյ, մեր նպատակը կա եւ պէտք է լինի մէկը՝ ծառայել Քրիստոսին, ծառայելով մեր ժողովրդին:

Անցեալ տարի մենք ձեռնամուխ ենք եղել մի շարք նոր ծրագրերի, որոնք տեղի են ունեցել Առաջնորդարանում՝ Իլինգում գտնուող առաջնորդական նոր նստավայրում և գրասենեակում: Ամբողջ տարուայ ընթացքում մի շարք նախաձեռնութիւններ են ծրագրուել եւ իրականացուել, որոնք միտուած են եղել մեր համայնքի տարբեր կարիքներին եւ հատուածներին:

Հոգեւոր ճանապարհորդութիւն Աստուածաշնչի միջոցով

Տարուայ ընթացքում Առաջնորդի հետ անցկացուել են ամեն շաբաթեայ (իւրաքանչիւր չորեքշաբթի) Աստուածաշնչեան ուսուցումներ համայնքի հաւատացեալների համար, ովքեր հաւատքի եւ քրիստոնէութեան ընկերակցութեան աւելի խորը ըմբռնելու որոնումների մէջ են: Սրանք գիտական քննարկումներ չեն, այլ միասնական ճանապարհորդութիւն Աստուածաշնչի միջոցով:

Հայ Քրիստոնէական հաւատքի դասախօսութիւնների շարք

Այս ծրագիրը ներկայացնում է հաւատքը, Աստուածաբանութիւնը, Պատարագը, խորհուրդները եւ ընդհանուր առմամբ Հայ Եկեղեցու հոգեւոր ժառանգութիւնը համայնքի անդամներին եւ հետաքրքրուած աւելի լայն լսարաններին: Դասախօսութիւնները  իրենց մէջ ներառել են մի շարք թեմաներ, ինչպիսիք են՝ «Սարկաւագուհիները Հայ Եկեղեցում» եւ «Սեռականութիւնը՝ արտացոլուած Հայ Եկեղեցու պսակի արարողութիւնում», երկուսն էլ ներկայացուել են պրոֆեսոր Հրաչ Չիլինգիրեանի (Օքսֆորդ) կողմից, եւ Պարսից Ծոցի Աստուածաշնչեան ընկերակցութեան գլխաւոր քարտուղար, պրոֆեսոր Հրայր Ջէբէջեանի Սփիւռքում իր ճամփորդութիւնների մասին  գրքի ներկայացումը:

Արդի սոցիալական եւ բարոյագիտական հիմնահարցեր

Սա քննարկումների մի շարք է, որը վերաբերւում է ժամանակակից սոցիալական եւ բարոյագիտական հիմնահարցերին: Այն համակարգում եւ առաջնորդում է պրոֆեսոր Հրաչ Չիլինգիրեանը: Այս հիմնահարցերը մտահոգում են երիտասարդ  մասնագետներին եւ հայ համայնքի լայն անդամներին: Վերջին թեմաները ներառել են «Արդեօ՞ք մենք դառնում ենք կեղծ լուրերի զոհ», «Ինչքա՞ն գումար է անհրաժեշտ մարդկանց երջանիկ լինելու համար» եւ «Արդեօ՞ք ուշադրութեան շեղում կամ կախուածութիւն ունենք համացանցից»:

Հայկական Կապեր

Առաջնորդարանում ամսական իրականացւում են աշխատանքից յետոյ ոչ պաշտօնական հաւաքներ երիտասարդ մասնագետների համար՝ հաղորդակցւելու իրենց ընկերների հետ եւ տեղեկանալու Հայկական աշխարհում վերջին զարգացումներին կամ հանդիպելու հիւր բանախօսի: Վերջին քննարկուած հետաքրքրական թեմաներից են Արցախի մելիքներից «Թութունջեան դե Վարդաւան» ընտանիքի երեքհարիւրամեայ պատմութիւնը տոհմի ժառանգ Քրիստիան դե Վարդաւանի կողմից, իսկ միւսը՝ Բարոնուհի  Քոքսի կողմից ներկայացուող «Քրիստոնեաների վիճակը Սիրիայում»:

Երիտասարդական ծրագրեր

Անկախ այն յանգամանքից, որ երիտասարդներին ներգրաւուելն ունի բազմաթիւ մարտահրաւէրներ, այնուամենայնիւ, մենք ունեցել ենք բազմաթիւ յաջողուած նախաձեռնութիւններ, որոնք ապահովել են կապը եւ համագործակցութիւնը երիտասարդների հետ, եւ այս ամբողջը՝ շնորհիւ կորիզ հանդիսացող հետաքրքրուած երիտասարդների նուիրուածութեանը: Այս ամառ մեր երիտասարդները այցելել են Հայաստան եւ Արցախ՝ մասնակցելու Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միութեան միջազգային հաւաքին: Ուղեւորութիւնը ոչ միայն հնարաւորութիւնը ընձեռեց բրիտանահայ երիտասարդութեանը հանդիպել իրենց գործընկերներին Հայաստանում, այլ նաեւ ոգեւորեց աշխատել տեղում եւ կապ պահպանել Մայր Հայրենիքի հետ: Առաջնորդարանում տրամադրուել է տարածք «Հայ երիտասարդաց տան» համար, որ, շնորհիւ առատաձեռն նվիրատուների, ամբողջապէս կահաւորուած է ձայնային համակարգով եւ ժամանակակից տեխնոլոգիաներով, որպէսզի երիտասարդները կարողանան հաւաքուել եւ վայելել՝ հաղորդակցուելով եւ սովորելով միմեանցից: Մեր երիտասարդները կազմակերպել են մի շարք հետաքրքրաշարժ միջոցառումներ, որոնցից են Երեկոյ նաւի վրայ, Սուրբ Ծննդեան երգերը, տարբեր հայկական տօների նշում, Սուրբ Ծննդեան եւ Յարութեան զատկական զամիւղների աւանդական բաշխումը տարեցներին, եւ դասախօսութիւնների շարք՝ հաւատքի հարցերում իրենց օգնելու համար: Որոշ երիտասարդներ Սուրբ Պատարագի ընթացքում սպասաւորում են նաեւ խորանում: Առաւել հետաքրքրաշարժ միջոցառումներ են նախատեսւում 2020 թուականին:

Հայ փոքրիկների ակումբ

Այս նոր ծրագիրը հնարաւորութիւն է ընձեռել հայ մանուկներին ամիսը երկու անգամ ի մի հաւաքուել ՝ ուրախանալու եւ միասին սովորելու հայ հաւատքի եւ մշակոյթի մասին: Մենք երախտապարտ ենք տիկին Աննա Հենդենին, որն Առաջնորդարանում վարում է երեխաների խմբակը:

Արուեստի բարերար դերը կնոջ համար

Երիտասարդ նկարչուհի Աննա Վիրաբեանի գլխաւորութեամբ այս հաւաքները ընձեռում են արուեստի թերապիա կանանց համար: Ողջ տարուայ ընթացքում անցկացուող դասընթացները քաջալերել են ոչ խօսակցական հաղորդակցմանը, նկարների միջոցով արտայայտմանը եւ գեղարուեստական ստեղծագործելու ունակութեանը:

Ուխտագնացութիւններ

Առաջնորդարանը վերջին տարիներին կազմակերպել է մի շարք ուխտագնացութիւններ: Դէպի Իտալիա այս տարուայ ուխտագնացութիւնը յաջողուած էր 26 մասնակիցների համար, ովքեր բացայայտեցին հայության հետքը Նեապոլում, Ֆլորենցիայում, Վենետիկում եւ Հռոմում: Ուղեւորութեան կարեւոր իրադարձութիւնն էր Հռոմի Ֆրանցիսկ Պապի հանդիպումը ընդհանուր լսարանի հետ: 2020 թուականին նախատեսում ենք ուխտագնացութիւն դէպի Սուրբ Երկիր Հայկական Սուրբ Ծննդեան շրջանում, ուղեւորութիւն դէպի Պորտուգալիա եւ հաւանական է նաեւ՝ Արեւմտեան Հայաստան:

Մշակութային եւ սոցիալական միջոցառումներ

Առաջնորդարանը եւ Տիկնանց միութիւնը կազմակերպել են մի  շարք մշակութային և ճաշատեսակների ներկայացման երեկոներ՝ ներառեալ իտալա-հայկական եւ պարսկա- հայկական երեկոներ: Մասնակիցները ոչ միայն վայելել են ուտելիքն ու երաժշտութիւնը, այլ նաեւ ունեցել են հաղորդակցւելու եւ քննարկումներ անցկացնելու հնարաւորութիւն:

Ամառային փառատօն

Տարուայ ամենամեծ միջոցառումը ոչ միայն մեր թեմի, այլեւ ողջ բրիտանահայ համայնքի համար, Հայկական ամառային փառատօնն էր, որ կրկին տեղի էր ունեցել North Acton խաղադաշտում: Փառատoնի նախապատրաստման աշխատանքները պահանջում են աւելի քան վեց ամսուայ ահռելի քանակով ժամանակ, էներգիա եւ   կազմակերպչական աշխատանքներ կամաւորների մի մեծ բանակի կողմից՝ ղեկավարուելով նուիրուած յանձնախմբի կողմից: Այս տարուայ յաջողութիւնը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները եւ անհամեմատելի է նախորդ այլ փառատօնների հետ: Շրջանառութիւնը և յաճախելիութեան թիւը գրանցուել են ամենաբարձրը մինչ այժմ եղածներից: Այն նաեւ որոշակի միջոցներ ստեղծեց եկեղեցական ծրագրերի իրականացման համար: Մենք շնորհակալ ենք փառատօնի յանձնախմբի իւրաքանչիւր անդամին եւ բոլոր կամաւորներին, ովքեր հսկայական ներդրում ունեցան մեր հաւաքական յաջողութեան մէջ:

Առաջնորդարանում անցկացուող մեր ծրագրերի եւ նախաձեռնութիւնների արձագանքը չափազանց դրական է եղել: Մենք պէտք է շարունակենք մեր գործունէութիւնը գալիք տարում առաւել ոգեւորուածութեամբ եւ, որ առաւել կարեւոր է, նուիրեալ մարդկանց օգնութեամբ եւ մասնակցութեամբ:

Հովուական այցելութիւններ ծուխերին

Որպէս աւագ հովիւ եւ թեմի առաջնորդ՝ ինձ համար մեծ ուրախութիւն է հանդիպել մեր նուիրեալ ժողովրդին մեր թեմի եկեղեցիներ եւ ծուխեր իմ պարբերական այցելությունների ընթացքում: Մեր ժողովրդի հետ հոգեւոր պաշտամունքը, նրանց հետ միասին աղօթելը եւ հաղորդակցուելը բրիտանահայ եւ իռլանդահայ ծուխերում իմ ծառայութեան կարեւոր կողմերից են: Չնայած հանգամանքների բերումով ես առավել հաճախ այցելում եմ Լոնդոնի եկեղեցիները, Բրիտանիայում եւ Իռլանդիայում գտնուող ցանկացած ծուխ ինձ համար հաւասարապես կարեւոր եւ թանկ է: Մեր ծուխերում միասին աշխատելը մեր հոգեւոր և աշխարհական ծառայութեան  ամենակարեւոր կողմերից է:

Թեմական հոգեւորականութիւն

Շնորհակալ եմ մեր թեմում ծառայող քահանաներին՝ արժանապատիւ Ներսէս քահանայ Ներսէսեանին, ով ծառայում է Մանչեսթերում գտնուող Սուրբ Երրորդութիւն հայկական եկեղեցում, Սուրբ Սարգիս եկեղեցու հովիւ արժանապատիւ Շնորհք քահանայ Բաղդասարեանին եւ Սուրբ Եղիշէ եկեղեցու հովիւ արժանապատիւ Նշան քահանայ Ալավէրդեանին, ով նաեւ իր ակտիւ ծառայութիւնն է բերում Դուբլինի եւ Բիրմինգհէմի ծուխերում: Անցեալ տարուանից սկսած՝ մենք բախտաւոր ենք մեզ հետ ունենալ հոգեշնորհ Գրիգորիս վարդապետ Շոխիկեան, ով ուսանում է Մեծ Բրիտանիայում եւ ստացել է վարդապետական աստիճան: Նա մեզ կօգնի, ինչպէս իր ժամանակը թոյլ տա:

Էկումենիկ հարաբերութիւններ

Քոյր եկեղեցիների եւ միջկրօնական կազմակերպութիւնների հետ յարաբերութիւնները, ինչպէս նաեւ տեղական եւ միջազգային ներգրաւուածութիւնը մաս են կազմում մեր Էկումենիկ աշխատանքի: Տարուայ ընթացքում այցելել եմ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Եւրոպական եկեղեցիների համաժողովի մի շարք հանդիպումներին: Բրիտանիայում մենք ունենք շատ մօտ աշխատանքային յարաբերութիւններ Անգլիկան եկեղեցու, Կաթոլիկ եկեղեցու եւ այլ դաւանական կազմակերպութիւնների հետ: Այս տարուայ մարտ ամսին Քենթերբերիի Արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ Քենթէրբերիի յուշահամալիրի այգում օծուեց հայկական խաչքար: Յուշարձանը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան զոհերին: Ապրիլ ամսին Իլինգի Քրիստոս Փրկիչ եկեղեցում մենք ոգեկոչեցինք Հայոց ցեղասպանութիւնը, որը եզրափակուեց քայլերթով  դէպի Իլինգում գտնուող հայկական ծիրանի ծառ: Ապրիլի 24-ին այցելել եմ Իռլանդիա եւ Ուելս՝ համապատասխանաբար ոգեկոչելով հայոց ցեղասպանութեանը: Ուելսի Սուրբ Դաւիթում մենք հանդիպեցինք կանոնիկ Թոմաս Պատրիկին՝ Հայրապետի կողմից յատուկ օրհնագիր նամակով:

Համայնքային կազմակերպութիւններ եւ դպրոցներ

Որպէս առաջնորդ՝ Հայ համայնքում գտնուող բոլոր կազմակերպութիւնների հետ ես ունեմ լաւ աշխատանքային յարաբերութիւններ: Հայ եկեղեցին իւրաքանչիւր հայի տունն է եւ ներառական համայնք: Երկու դպրոցների հետ մեր յարաբերությունները շատ կարևոր են մեզ համար: Մեր հոգեւորականները այցելում են երկու դպրոցներն էլ կանոնաւոր կերպով: Մենք պայմանաւորուել ենք, որ դպրոցները միանան մեզ նշելու յատուկ տօնական օրերը, ինչպիսիք «Թարգմանչաց» եւ «Վարդանանց» տօները, միասին մասնակցել պատարագի եւ օրհնել երեխաներին:

Համահայկական նախագծեր

Մենք ընդգրկուել ենք Հայաստանում իրականացուող մի քանի բարեգործական ծրագրերում: Նրանց շարքում են յետեւեալ ծրագրերը. մենք միջոցներ ենք հաւաքել բնակարանների գնման ծրագրի շրջանակում Գիւմրիի անապահով ընտանիքների համար, ովքեր դեռ կրում են 1988 թուականի աւերիչ երկրաշարժի հետեւանքները: Ծրագիրը կազմակերպուել եւ իրականացուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: Դրամահաւաքին մասնակցել են նուիրատուների եւ ծխականներ: Այս նպատակի համար հիմնական միջոցառումը եղաւ է Տիկնանց միութեան կողմից կազմակերպուած ընթրիք-դասախոսութիւնը Լորդ Դարզի հետ, ով պատուոյ հիւր եւ բանախօս էր  Քենսինգթոնում գտնուող Holiday Inn-ում: Մէկ այլ կարեւոր դրամահաւաք նուիրուած է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերականգմանը: Այս նպատակով Սուրբ Եղիշէ եկեղեցում հոկտեմբեր ամսին կազմակերպուել էր յատուկ միջոցառում: Այս բարեգործական նախագծերի դրամահաւաքը իրականացրել է Մեծ Բրիտանիայում գրանցուած «Սուրբ Էջմիածնի բարեկամներ» բարեգործական կազմակերպութիւնը, որի հիմնական նպատակը Հայաստանում եկեղեցական  նախագծերին աջակցելն է:

 Երախտագիտութիւն

 

Չնայած մեր որոշ ծրագրեր ինքնաբաւ են, մենք մեծապէս յենւում ենք մեր հովանաւորողների եւ նուիրատուների աջակցութիւնների վրայ մեր ծառայութիւնը շարունակելու համար: Մենք մեծապէս շնորհակալ ենք մեր ծրագրերի բոլոր նուիրատուներին եւ աջակցողներին: Հիմնական հովանաւորը Հայ Եկեղեցի հիմնադրամն (ACT UK) է, որի միջոցով են իրականացւում Առաջնորդարանի եւ եկեղեցու վարչական աշխատանքները Մեծ Բրիտանիայում: Ես շնորհակալ եմ յանձնախմբին իր շարունակական ծառայութեան համար՝ պրն. Յովնան Համբարձումեանին, տկն. Աիդա Լունդոնին, պրն. Ալան Սիմոնեանին, պրն. Վիգէն Հալաջեանին:

Գլխաւոր նուիրատուներ. Անհրաժեշտ է յատուկ երախտագիտութիւն յայտնել գլխաւոր նուիրատուներին, ովքեր մատուցում են նշանակալի եւ կենսունակ օգնութիւն մեր տարեկան ծրագրերին: Մենք անսահման շնորհակալ ենք Թանիէլեան ընտանիքին, Դիդիզեան ընտանիքին, Սուրբ Սարգիս եկեղեցու բարեգործական հանձնախմբին՝ ղեկավարութեամբ պրն. Մարտին Եսայեանի, Տեր եւ Տիկին Շահե Գուլեանին, ԱԲԸՄ Լոնդոն թրասթին, իրենց շարունակական եւ առատաձեռն նուիրատւութիւնների համար:

Մեր ծուխերը. Մենք շատ երախտապարտ ենք տարեկան ներդրումներ իրականացող մեր ծուխերին: Չնայած իրենց առաջ ծառացած սեփական մարտահրավէրներին՝ նրանք շարունակում են աջակցել առաջնորդին եւ թեմի ծրագրերին: Հայ եկեղեցու նկատմամբ իրենց պատասխանատւութեան զգացումը, ծառայասիրութիւնը եւ նուիրուածութիւնը օրինակելի է

Մենք շնորհակալ ենք պրոֆեսոր Հրաչ Չիլինգիրեանին իր խորհրդի եւ աջակցութեան համար, յատկապէս մեր թեմի համար ծրագրեր մշակելու եւ զարգացնելու համար: Յատուկ շնորհակալութիւն պարոն Գեղվարդ Վարդանեանին՝ մեր նախագծերում իր անգնահատելի օգնութեան եւ ներգրաւածութեան համար: Ես երախտապարտ եմ մեր խմբին՝ գլխաւորութեամբ բազմազբաղ Հրաչիկ Սարեանի, Տիկնանց միութեանը՝ Ժանին Գիւլվանեսեանի գլխաւորութեամբ եւ բոլոր կամաւորներին, առանց որոնց հնարաւոր չէին լինի իրականացնել այս նախաձեռնութիւնները:

Այս տարի մենք ճանաչեցինք մեր համայնքի նուիրեալ անդամ եւ երկար տարիներ իր ծառայութիւնը բերած պարոն Արմենակ Թոփալեանին, ում շնորհուել է Հայ եկեղեցու բարձրագոյն շքանշաններից Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ մեդալը: Մենք կշարունակենք մեր ծանօթութիւնը համայնքի նմանատիպ անդամներին, ովքեր բազում տասնամյակներ իրենց ծառայութիւնն են բերել:

Առաջնորդարանի մեր աշխատակազմը հնարաւորինս փոքրաթիւ է, ունենք կես դրոյքով աշխատող մէկ օգնական եւ հաշուապահ: Մենք ունենք ակտիւ կայքէջ եւ շարունակում ենք հրապարակել մեր ամենշաբաթեայ էլեկտրոնային լրատուն: Մենք վարում ենք Դիմատետրի (Facebook) մեր էջը, Թուիթերի (Twitter) եւ Յութիւբի (YouTube) ալիքները՝ Զորիկ Գասպարեանի օգնութեամբ, ով սկսել է առցանց Համայնք TV, որի համար մենք շնորհակալ ենք իրեն:

Թող Աստված օրհնի Ձեզ և Ձեր ընտանիքները ողջ տարուա ընթացքում քաջ առողջութեամբ եւ յաջողութեամբ Ձեր կյանքում:

«Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. խրատեցէ՛ք ստահակներին, քաջալերեցէ՛ք երկչոտներին, օգնակա՛ն եղէք տկարներին, համբերատա՛ր եղէք բոլորի հանդէպ: 15 Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը չարին չարով հատուցի. միշտ միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ բարին գործելու հետամո՛ւտ եղէք: Ուրա՛խ եղէք միշտ, անդադար աղօթեցէ՛ք, ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք, որովհետեւ ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս: Մի՛ հանգցրէք Հոգին, մի՛ արհամարհէք մարգարէութիւնները, փորձեցէ՛ք ամէն ինչ, բարին ամո՛ւր պահեցէք, հեռո՛ւ մնացէք բոլոր չար բաներից»: (Ա Թեսաղոնիկեցիներ 5:14-22)

Յովակիմ եպիսկոպոս Մանուկեան

Առաջնորդ

Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայոց թեմ